Սահակ
ՍԱՀԱԿՅԱՆ.
<Ուժեղների
մեջ պետք
է ուժեղը լինել…>
1937 թվականը շատերի համար է ճակատագրական եղել, այդ թվում` ազգային երգերի նվիրյալ Սահակ Սահակյանի: Նա ծնվել է աքսորում <որպես նվեր իր ազգի համար>: 20 տարի դաժան կյանքին դիմակայելուց հետո կրկին վերադարձել են և բնակություն հաստատել Գյումրիում. <Հայերեն խոսել գրեթե չեմ իմացել, բայց հայրս հայկական կրթօջախ է ինձ ուղարկել, թեև այդ ժամանակ մոդա էր ռուսական դպրոց հաճախելը>: Մկրտիչ Սահակյանը` Գյումրիում հայտնի աշուղ Դվալի Մկրտիչը, որդուն նյութական կարողություն չի ժառանգել, փոխարենը հայրական պատգամներ է թողել, որոնցով էլ երգիչը մինչ օրս առաջնորդվում է: Անսահման սիրով է հիշում ծնողին և հպարտությամբ ասում. <Այս տեսակ հայր եմ ունեցել>: Այս և իր երաժշտական գործունեությունն է ներկայացնում Սահակ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
- Մանկության, պատանեկության հիշողություններն ինչպիսի՞ն են:
- Բոլորի մոտ էլ այդ տարիները երանելի են, թեկուզ և վատ են ապրել: Բարդույթավորված էի, որովհետև աքսորից հետո, մինչև դպրոցն ավարտելը նյութապես անապահով էինք: Եվ դա երեխայի հոգում նստվածք է տալիս. ես էլ էի ուզում, որ ընկերներս մեր տուն գային, բայց ամաչում էի, հետո նրանց ծնողները համեմատաբար երիտասարդ էին: Մանկության, պատանեկության տարիները խորհրդային շրջանում գրեթե բոլոր երեխաների մոտ նմանատիպ էին անցնում, սակայն կարծում եմ` այդքանով հանդերձ՝ իմ մանկությունն ավելի երջանիկ էր, քան այսօրվա երեխաներինը: Այդ ժամանակաշրջանում մեր սերունդը շատ էր գիրք կարդում, բակային տարբեր խաղեր խաղում, իսկ դպրոցում ֆիզկուլտուրան պարզապես ուրախ դաս էր: Վառ հիշողություններ ունեմ, որոնք չեն էլ մոռացվում, ինչպես պատանեկան, դպրոցական, առաջին սիրո հուշերը: Դրանք չեն մոռացվում անկախ նրանից, թե որ տարիքում ես: Բոլորի համար մանկությունը երանելի ապրում է, չկրկնվող:
- Չունենալով երգչի մասնագիտական կրթություն` ինչպե՞ս եք մուտք գործել երաժշտության ասպարեզ:
- Աշուղագետ երգիչ Սահակ պապիկցս այդ շնորհքն անցել է հայրիկիս, ով նույնպես հայտնի է եղել
այս ասպարեզում: Ես էլ, մեծանալով աշուղի ընտանիքում, շարունակեցի երգել: Հիշում եմ` աքսորից վերադառնալուց հետո հայրս բերեց ինձ Երևան, ու աշուղ Շահենին հյուր գնացինք: Երգեցին, հին օրերը հիշեցին: Նրանցից շատ բան եմ սովորել: Փոքր տարիքում հայրս նստացնում էր
գիրկն ու երգում էր, մեկ-մեկ էլ ինձ էր երգացնում իր սովորացրած երգերը` աշուղ Ջիվանի, Սայաթ-Նովա:
Դպրոցն
ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, բայց շարունակեցի երգել Հովհաննես Չեքիջյանի ուսանողական խմբում: Ավարտելուց հետո ծառայեցի խորհրդային բանակում (սպայի կոչումով): Ծառայությունից հետո ընդունվեցի աշխատանքի, ապա որոշ ժամանակ անց մեկնեցի Մոսկվա` ուսումս շարունակելու ասպիրանտուրայում: 1985 թ. պաշտպանել եմ գիտական թեզ ֆիզքիմիայի բնագավառում և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի կոչում:
Արդեն
1982-83 թթ.
ընկերներով ստեղծեցինք
<Մարաթուկ> ազգային անսամբլը` Մկրտիչ Սարգսյանի (Մգրո) ղեկավարությամբ և աշխատում էինք ներկայանալ սեփական ձեռագրով: Հետագայումª 1989-ին, Թովմաս Պողոսյանի հետ հիմնեցինք <Գանձասար> ազգագրական անսամբլը: Ավելի ուշ, ստանալով մաեստրո Հենրի Մանգասարյանի հրավերը, դարձա Հայաստանի ժողգործիքների պետական նվագախմբի մենակատար:
Պետք
է նշեմ, որ 1988-ի համազգային շարժման մթնոլորտում զգացվում էր ազգային ոգին, և մեր խումբն ընդունվեց ժողովրդի կողմից ու <Մարաթուկի> առաջին համերգը հեռարձակվելուց հետո ճանաչում ձեռք բերեցինք: 24 տարի առաջ էր այդ համերգը, ու կզարմանայիք, որ այն ժամանակ արդեն ազգագրական խումբը բարձր մակարդակով ելույթ էր ունենում: Մեր առաջին համերգի ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր <Բիթլզ>-ների նման: Դրանից հետո սկսվեց իմ երաժշտական բուռն գործունեությունը:
- Ձեզ պրոֆեսիոնալ երգիչ համարո՞ւմ եք:
- Ժողովրդական երգի մեկնաբան, երգասաց համարում եմ, իսկ ժողովրդականի պրոֆեսիոնալը չեմ հասկանում, քանի որ այդ բառի մեջ արդեն մասնագիտական մոտեցում կա. հարուստ երգացանկ, մշակված ու ճիշտ դրված ձայն: Ժողովրդական երգողը եթե ձայն, տաղանդ և ճաշակ ունի, ժողովուրդը կսիրի, թեև երգիչը պետք է տարիների ընթացքում ինքնակրթությամբ զբաղվի, մասնագիտական որոշ հմտություններ ունենա, որպեսզի երաժշտական մի շարք հարցերում ճիշտ մոտեցում ցուցաբերի: Այս առումով թոռանս ավելի պրոֆեսիոնալ եմ համարում, քան ինձ, որովհետև նա ունի բարձրագույն երաժշտական կրթություն: Երբ երգում է, զգում եմ, որ ես այդպես չեմ կարող երգել, բայց և իմ կատարումն էլ ոչ մեկի երգածին նման չէ. կերպարս միշտ համապատասխանել է երգին: Դա ես չեմ ասում, այլ հազարավոր
մարդիկ:
Հիմա
պատրաստում եմ <Հայոց ազատամարտը երգերում> երգարանը, որում ներառված է մոտ 100 երգ: Ստացվում է երեքը մեկում` ալբոմ, ազատամարտի և երաժշտության պատմության դասագիրք: Երգարանի առաջաբանում գրել եմ` <Գալիքի մարտնչող երգիչներին>, որովհետև ով այդ
բեռը վերցրեց իր վրա, հոգևորականի պես պետք է հրաժարվի փող աշխատելուց: Սա նվիրում է, մեծ պատասխանատվություն, արժանապատվություն, հպարտություն և ձեռնարկում£ Հորդորում եմ, որ մինչև նման երգեր երգելն ուսումնասիրեն հայոց ազատամարտի պատմությունը, քանի որ առանց պատմությունն իմանալու չես կարող երգը ժողովրդին լիարժեք հասցնել: Չէ՞ որ իմացությունը ազդում է կատարողական արվեստի վրա: Կարևորում եմ նաև հանդիսատեսի և արվեստագետի միջև կոնտակտը. երգիչն իր երգով պետք է հուզի նույնիսկ նրանց, ովքեր այդքան էլ տարված չեն հայրենասիրական երգերով, թեև հայ մարդն անտարբեր չի կարող լինել ազգային երգի հանդեպ:
- Մի անգամ ասել եք, որ արցախյան գոյամարտը Ձեր կյանքում նոր շրջադարձ էր:
- Բոլորի կյանքում էլ այդ շրջադարձը եղել է` պայմանավորված 1988 թվականի համազգային շարժմամբ: Եվ, քանի որ ունեինք ոգեշնչման կարիք, էլի երգը եկավ առաջին պլան. ծնունդ առան ազգագրական խմբերն ու ազգային երգերը: Շեշտում եմ այս հանգամանքը, որովհետև այսօր, կարելի է ասել, հատուկ ծրագրավորմամբ անտեսված է ազգային երգը: Հաղորդումներում գրեթե չեմ գտնում մի երգ, որը տպավորվի իմ մեջ, իսկ երբ եթերում նման երգեր են հնչում, ժողովուրդն էլ է մի տեսակ շունչ քաշում: Թվում է` կարևոր չեն այս երգերը, բայց արի ու տես` մեր տղաներն այս երգերով են պատերազմ գնում և այնտեղ էլ են երգում: Ես էլ եմ պատերազմի տարիներին երգել, պարել Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում: Պատահել է` խրամատներում եմ երգել` վախենալով շենքային պայմաններում ելույթ ունենալուց, որովհետև թիրախ էր: Շատ են եղել այդպիսի դեպքեր, բայց և այնպես երգը դարձավ առաջամարտիկը: Իսկապես միասնականության ու նվիրվածության ոգի կար, ինչի
շնորհիվ նաև կերտեցինք մեր հաղթանակը: Այլ հարց է, որ այսօր այդ հաղթանակին լավ տեր չենք կանգնում: Չնայած դրան` մենք ուժեղ ենք, զիլ ենք. կարևոր չեն մարդկային թիվն ու զենքը, կարևորը հոգով ենք ուժեղ, իսկ հոգին սիրում է գուրգուրել, դաստիարակել, սնուցել, պահպանել: Հարկավոր է նժդեհյան գաղափարախոսությունն արմատավորել ազգի մեջ և ոչ թե մեջբերել: Եթե երիտասարդը ազգային գիտակցությամբ չսնուցվի, ինչպե՞ս պետք է իր սրնդին դաստիարակի, եթե կարևոր չէ տեսակը պահպանելը, ուրեմն ի՞նչ իմաստ ունի խոսել հայրենիքից, հայրենասիրությունից: Մենք ազգ ենք` պետք է իրար սիրենք ու պահենք մեր հայրենիքը, սակայն այս գաղափարը չկա:
- Ի՞նչն է ոգեղենության պակասի պատճառը և ինչպե՞ս վերականգնել ազգային արժեքները:
- Լավ պետությունը պետք է ազգային լինի: Բոլոր պետություններն էլ պետություն են դարձել իրենց ազգը պահելու համար: Թվում է` առաջ մարդն անհատ է եղել, բայց այդպես չէ: Սկզբից իր նմանի հետ է ընկերացել, հետո այդ տեսակները համախմբվել են մեկ ընդհանուր գործի շուրջ: Այսինքն` պետությունը ձևավորվել է մտքի համախմբումից ու իր տարածքը ոտնձգությունից պաշտպանելու անհրաժեշտությունից: Վերջապես հասել են նրան, որ սկսել են տարբերվել տեղանքով, բնակավայրով, լեզվով: Եթե պետությունը չպահպանի ազգ կոչվածի ինքնությունը, էլ ինչո՞ւ համար է տվյալ պետությունը: 21-րդ դարում նույն սարսափելի պատերազմներն ու նախճիրներն են ինչ եղել է հազար տարի առաջ: Ինձ միշտ հարցնում են՝ պե՞տք է արդյոք խաղաղ ժամանակ նման երգեր երգել: Հարկավոր են: Որքան էլ խաղաղ լինի, որքան էլ հանգիստ, պետք է սերունդներին պատրաստենք հոգեպես և ֆիզիկապես, որովհետև թշնամին մեր կողքն է: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքների վերականգնմանը, ապա ես զբաղվում եմ իմ գործով` առանց ուշադրություն դարձնելու, թե ով ինչ է անում: Եթե ինչ-որ մեկը կողքիս կկանգնի, ապա շատ ավելի լավ:
- Չե՞ք կարծում, որ երբ 1996 թվականին գնացիք Հայաստանից, դրանից հետո փոքր-ինչ մոռացվեցիք: Ի՞նչն էր հեռանալու պատճառը:
- Եթե մարդ աշխատանք չունի, որ ընտանիքը պահի, հետևաբար նա արդեն երկրից դուրս գալու մասին է մտածում: Ռուսաստանում էի և հաճախ էի Հայաստան գալիս: Եղել է նաև, որ այնտեղից հայկական համայնքի հրավերով մեկնել եմ համերգի ու նորից հետ եկել: Հետո առողջական խնդիրներից ելնելով` երկար ժամանակ չկարողացա գործել, իսկ երբ ոտքի կանգնեցի, հասկացա, որ ուրիշ գործ չեմ կարող անել բացի երգելուց: Ու ընկերներիս օգնությամբ 2008 թվականին թողարկեցի առաջին ձայներիզը, որն անվանեցի <Հարատև պայքար>, որովհետև հայերիս պայքարը հարատև է այնքան մինչև հասնենք մեր նպատակին` հայության համահավաքին, հողահավաքին, միասնականությանը: Երբ արդեն առաջին ալբոմը պատրաստեցի, մենահամերգ տվեցի, իմացան, որ շարունակում եմ երաժշտական գործունեությունս: Դրանից հետո ստացա բազմաթիվ հրավերներ արտասահմանից:
- Ինչո՞վ է զբաղված Սահակ Սահակյանը:
- Առողջական որոշակի խնդիրներ ունեմ, բայց չի անհանգստացնում, որովհետև եթե սիրած գործով ես զբաղվում ու հասնում արդյունքի, քեզ լավ ես զգում: Հիմա ձայնագրում եմ Գարեգին Նժդեհին նվիրված <Շողիկի արծիվ> երգը, որովհետև նրա նման մեծության
մասին մեկ-երկու երգ ունենալը բավական չէ: Բայց մի բան է պարզապես ստեղծագործելը, մեկ այլ հարց, թե որտեղ ներկայացնել աշխատանքդ: Հաճախ տեսահոլովակ են ուզում` կարևորություն չտալով երգի բովանդակությանն ու որակին: Իսկ եթե ինձ դուր է գալիս երգը, երգում եմ` անկախ նրանից այն կտարածվի, շահութաբեր կլինի թե ոչ: Ցավոք, այսօր շատերը գնում են մի ակնթարթում երգ գրողների մոտ` չհասկանալով, որ այն պետք է ժայթքի, ստեղծագործվի: Ունենք հրաշալի կոմպոզիտորներ, որոնց մոտ երգ չեն պատվիրում, բայց ես հարկ եղած դեպքում նրանց եմ վստահում գործիքավորումները, քանի որ պրոֆեսիոնալ են իրենց գործում:
Նաև
ամսագիր եմ հրատարակում, երգարաններով եմ զբաղված, իսկ անցյալ տարի 2 ձայնասկավառակ եմ թողարկել` <Ազգային քայլերգերն> ու <Ընտրանին>:
- Եթե ընդհանրացնենք, ո՞րն է մերօրյա մշակութային գործչի առաքելությունը:
- Մշակութային գործիչը` երգարվեստի ներկայացուցիչը, պետք է մտածի ոչ միայն իր արածով փող աշխատելու, այլև ազնիվ լինելու մասին: Նորմալ արվեստագետին իր երգածը պետք է համոզի, պետք է միշտ քննադատաբար մոտենա իրեն և նվիրված լինի ազգի մշակույթին: Ազգային
երգիչը պետք է սերտի <Ճանաչել զիմաստությունը>, հրաշալի իմանա Կոմիտաս, ուսումնասիրի պատմություն, այդ թվում` ազատամարտի:
Սովորելու
գործընթացը շարունակական է յուրաքանչյուր ասպարեզում: Այսինքն` ուժեղների մեջ պետք է ուժեղը լինել, իսկ դրա համար հարկավոր է
գաղափարական տոկունություն ու նվիրում քո արվեստին: Ջիվանին ասել է. <Մանկությունից մինչև այսօր նվաճել եմ ես քնար, բռնել եմ մեկ ճանապարհ` մանկությունից մինչև հիմա նվագել եմ ես քնար>: Այդ քնարը և՛ իր հացն էր, և՛ վաստակը: Իհարկե լավ կլինի, որ հացն ու արվեստը մի
տեղում լինեն, որ մարդը ստիպված չլինի տուրք տալ գայթակղություններին: Յուրաքանչյուր արվեստագետի երազանքն է` լինել հասարակ, բայց և սիրված: Իսկ դրան հասնելու համար տարիների, տասնամյակների նվիրում է պետք:
Նոնա
ՓԱՅՏՅԱՆ