среда, 6 ноября 2013 г.

<Գլաձոր>-ից մինչև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ


Արա Զոհրաբյանը բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է <Զոհրաբյան և գործընկերներ> փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ից (որպես իրավաբան)` հասնելով այդ ընկերության նախագահի պաշտոնին: 2007 թ-ից եղել է պալատի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ: Ա. Զոհրաբյանը հանդիսանում է նաև ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) և ոստիկանության միջև  2012 թ. համագործակցության շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի և պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող: Աշխատանքին զուգահեռ շարունակում է  դասախոսական գործունեությունը հայաստանյան մի քանի բուհերում: Իսկ 2013թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանԱմուսնացած էունի երկու որդի:
<Գլաձոր> համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է իր շրջանավարտ Արա Զոհրաբյանին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով բազում հաջողություններ և արդյունավետ գործունեություն:


- Ի՞նչ հիմնական անելիքներ ունի ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը, և ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում այս պաշտոնը:
- Փաստաբանների պալատի նախագահը կոչված է պաշտպանել փաստաբանական համայնքի անդամների շահերը  պետական մարմիններից կամ այլ ոտնձգություններից: Նա  պատասխանատու է նաև Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումների համար: Մասնավորապես իմ պաշտոնավարման առաջին իսկ աշխատանքային օրերից սկսվեց հակամարտություն Արդարադատության նախարարության հետ փաստաբանների նոր գրանցամատյան ներդնելու հարցի վերաբերյալ: Խնդիրներից մեկն էլ փաստաբանների արտոնագրումն է, որը փորձում ենք կարգավորել նաև փաստաբանական դպրոցի գործունեության միջոցով: Դպրոցն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները, և պատիվ ունեցա 62 հավակնորդների արտոնագրերն ինքս հանձնելու: Բայց սա չի նշանակում, թե դպրոցի վերազինման և որակի բարձրացման առումով անելիքներ չկան: Կարևորելով փաստաբանների վերապատրաստման հարցը՝ ՓՊ-ն  քայլեր է ձեռնարկում նրանց մասնագիտական որակը բարձրացնելու ուղղությամբ, եթե հաշվի առնենք, որ փաստաբանն ամեն տարի պարտավոր է անցնել առնվազն 24 ակադեմիական ժամ վերապատրաստում: Անշուշտ, առաջնային համարելով որակը, պետք է ուշադրություն դարձնենք հատկապես վերապատրաստողների և վերապատրաստման  թեմաների ճիշտ ընտրության վրա: Մինչև տարեվերջ ուզում ենք  ներդնել մարզային փաստաբանների համակարգողների ինստիտուտ, քանի որ նրանք, կարծեք, կտրված են ՓՊ-ից և հաճախ մասնագիտական խորհուրդների կարիք ունեն: Նախատեսում ենք  մարզի, որևէ քաղաքի (կամ մի քանի քաղաքների) մասշտաբով ընտրել համակարգողի, ով կապահովի կապը ՓՊ-ի հետ և, ընդ որում, խորհրդատվական ձայնի իրավունքով կմասնակցի ՓՊ-ի խորհրդի նիստերին:
- Նշեցիք, որ գործում է փաստաբանական դպրոց: Դա նշանակո՞ւմ էոր փաստաբանների որակավորումը կդառնա ավելի թափանցիկ և կդրվի օբյեկտիվ հիմքերի վրա:
- Դպրոցն ունի երկու շահառու` իրավաբաններ, ովքեր  պետք է դառնան փաստաբաններ, և փաստաբաններ, ովքեր մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Մտածում ենք այնպիսի հեռահար համակարգերի ներդրման մասին, որ փաստաբանն իր աշխատասենյակից կամ գտնվելու վայրից կարողանա համապատասխան վերապատրաստում անցնել: Ավելին, մեկ դասախոսը կարող է միանգամից բազմաթիվ փաստաբանների համար դասընթաց վարել: Այս կերպ փաստաբանը կտնտեսի իր ժամանակը և զերծ կմնա ճանապարհային լուրջ դժվարություններից:
- Մեր երկրում կոռուպցիան ու կաշառքը վերացնելու օրենսդրական վերահսկողությունը բավարա՞ր է:
- Օրենսդրական բացթողումներն ինքնին կոռուպցիոն սողանցքներ են ենթադրում, բայց միայն օրենքով չէ, որ կարելի է այն վերացնել: Դրա համար հարկավոր է ոչ միայն հետևանքները, այլև պատճառները վերացնել: Իսկ լուրջ պատճառներից մեկն էլ մարդու սոցիալական վիճակն է: Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի անհատն իրեն նյութականապես ապահովի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել կոռուպցիայի հետևանքների վերացման մասին: Եթե մարդն իր աշխատավարձով չի կարողանում պահել ընտանիքը, ապա լավ օրենքի դեպքում նույնիսկ ստիպված օրենքն անտեսելու է կամ օգտվելու այդ սողանցքներից:
- Շատ հաճախ փաստաբաններն  ինչի՞ց են բողոքում, և Ձեր պաշտոնավարման ժամանակ դրանք զգալիորեն կնվազե՞ն
- Փաստաբանները բողոքում են դատական համակարգից, իրավապահ մարմիններից, մյուս փաստաբաններից և այլն: Իսկ իմ պաշտոնավարման ժամանակ դժգոհությունները կպակասեն, թե ոչ՝ չգիտեմ, բայց բոլոր դեպքերում յուրաքանչյուր բողոքի արձագանքելու եմ և իմ լիազորության շրջանակում փորձելու վերացնել դրա  օբյեկտիվ պատճառները:
- Դժգոհություններից մեկն էլ վճռաբեկ դատարանի անկանխատեսելի ատյան լինելն է: Հարցի լուծման ի՞նչ ուղիներ կառաջարկեք Դուք:
- Վճռաբեկ դատարանի դեմ բողոքը հիմնականում ատյանի հայեցողական լիազորության հետ է  կապված, այսինքն՝ վճռաբեկ դատարանն ինքն է որոշում բողոքն ընդունել վարույթ կամ չընդունել, և դրա չափանիշները որևէ ձևով ամրագրված չեն: Որպես փաստաբան` կարծում եմ, որ վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունը պետք է դադարեցնել: Միայն այդ դեպքում  վճռաբեկ դատարանը կկարողանա բոլոր գործերով որոշում կայացնել: Ճիշտ է, որակապես կարող է հետընթաց լինել, բայց եթե վճռաբեկ դատարանը որևէ անձի բողոքն անհիմն վերադարձնի, նույնպես որակի խնդիր կունենանք: Առաջարկել էի նաև ստեղծել մի քանի ենթապալատներ` 4 դատավորի կազմով. դատական կազմերի քանակը կավելանա, և նրանք կսկսեն որոշումներ կայացնել ըստ էության: Օրենքի միատեսակ կիրառության հարց առաջանալու դեպքում էլ առաջարկվում է գործը քննել ամբողջ պալատի կազմով£
- Փաստաբանական համակարգի առաջխաղացման ի՞նչ նոր մտահղացումներ կան:
- Ուզում ենք ՓՊ-ում ստեղծել փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողով, քանի որ դրա կարիքն ունենք: Հանձնաժողովը, փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվելուց բացի, բոլոր այդ գործերը կարխիվացնի ու որոշ  չափով կվարի վիճակագրություն: Այդ կերպ մշտապես կիմանանք` ինչ դինամիկա, տեմպ ունի փաստաբանների իրավունքների պաշտպանությունը և իրավունքների խախտումը մեր երկրում
- Փաստաբանի մատուցած ծառայությունները թա՞նկ հաճույք են, և արդյոք մեր քաղաքացիներն ի վիճակի են  հարկ եղած դեպքում  դիմել նրանց:
Փաստաբանական ծառայությունների շուկան բազմաշերտ է. ունենք բարձրմիջին, ցածր հոնորարով աշխատող փաստաբաններ: Հետևաբար յուրաքանչյուրը գտնում է իր պահանջարկին համարժեք առաջարկ: Այս տեսակետից, իհարկե, եթե մի փաստաբանական գրասենյակ բարձր հոնորարներ է ստանում, ապա սոցիալապես անապահով մարդիկ չեն կարող օգտվել նման կազմակերպությունների ծառայություններից, բայց կգտնվեն փաստաբաններ, ովքեր այդ նույն ծառայությունը կմատուցեն ավելի մատչելի
- Այդ որակից քաղաքացիների շահերը չեն տուժի՞, որովհետև օրինաչափ է, որ լավ մասնագետի աշխատանքն ավելի թանկ է:  
- Թանկ վարձատրությունը կախված է նաև տվյալ կազմակերպության փորձից ու հեղինակությունից: Բայց կան սկսնակ փաստաբաններ, ովքեր որակապես չեն զիջում և նույն մակարդակի ծառայությունը  մատուցում են ավելի համեստ հոնորարով: Պարզապես մատչելի ծառայությունը պայմանավորված է նրանց` ոլորտում սկսնակ լինելով: Ուստի միանշանակ չի կարելի ասել, որ քաղաքացիների շահերը դրանից կտուժեն:
- Մեր փաստաբանները  սկզբունքային ու  անաչա՞ռ են, որովհետև լինում են դեպքեր, երբ նրանք ՙգնվում՚ են:
- Փաստաբան ասելով պետք է նկատի ունենալ ուղղակիորեն անկախ, փորձառու իրավաբանի, ով կարողանում է իր վստահորդին պատշաճ ներկայացնել: Դա` որպես կանոն: Իհարկե բացառություններ լինում են, ինչպես բոլոր ոլորտներում
- Փաստաբանի մասնագիտական ճանապարհը բացի լավ կրթություն ստանալուց, ի՞նչ հավելյալ ջանքեր է պահանջում:
- Փաստաբանն ինչ-որ չափով պետք է նաև հոգեբան լինի, կարողանա ճիշտ ներկայացնել իր փաստարկները և ճիշտ կողմնորոշվի` պատշաճ ներկայացնելով վստահորդի շահերը: Բայց հնարավոր է  պրոֆեսիոնալ փաստաբանը չկարողանա հաղորդակցության ժամանակ հոգեբանորեն մոտենալ հարցին և իր վստահորդի մոտ վստահություն չներշնչի: Հետևաբար առավել հաջողություն կունենան այն փաստաբանները, ովքեր տիրապետում են հոգեբանական նրբություններին
- Իսկ ուրիշ ի՞նչ աշխատանքում եք Ձեզ պատկերացնում:
- Ընդունվել եմ իրավաբանական ֆակուլտետ միմիայն փաստաբան դառնալու ցանկությամբ: Աշխատում եմ որպես փաստաբան, ինձ լավ եմ զգում այս կարգավիճակում, որովհետև փաստաբանի մի կարևոր առավելություն կա` անկախությունը: Ուրիշ աշխատանքում ինձ չեմ պատկերացնում:
- Սովորել եք ՙԳլաձոր՚ համալսարանում: Երբևէ պետական ու մասնավոր բուհեր հասկացությունների տարբերությունը զգացել եք:
- Միշտ էլ տարբերություն դրել են պետական և մասնավոր բուհերի շրջանավարտների միջև, ընդ որում, նախկինում ավելի շատ: Այդուհանդերձ, <Գլաձորը> բոլոր պայմաններն ապահովել է լավ սովորելու համար, իսկ եթե ուսանողը թերացել է կամ իրեն լավ չի դրսևորել, դա իր խնդիրն է: <Գլաձոր> համալսարանն ապահոված է որակյալ դասախոսներով, գիտատեխնիկական բոլոր միջոցներով և  ուսանողին մնում է միայն այդ ամենից օգտվել, քաղել, վերցնել հրամցված  ինֆորմացիան:
- ՙԳլաձոր՚-ի շրջանավարտների  համար մեր համալսարանը հարազատ միջավայր է: Իսկ Ձե՞զ համար:
- Միշտ: Ավելին, բարեկամական հարաբերություններ ունեմ ռեկտոր Ժ. Ջհանգիրյանի և պրոռեկտոր Ա. Խառատյանի հետ: Նրանք էլ ծնողներիս նման ուրախանում են իմ յուրաքանչյուր հաջողությամբ, իհարկե, ես էլ նրանց:
- Իսկ ո՞ր դասախոսին երբեք չեք մոռանա և միշտ երախտապարտ կլինեք նրան
- Դասախոսներից կառանձնացնեմ պրն. Ժ. Ջհանգիրյանին: 1994 թ-ին, երբ ընդունվեցի համալսարան, հավատ չկար ապագայի նկատմամբ, սովորում էի, բայց հույս չունեի, որ մի օր կաշխատեմ կամ հաջողություն կունենամ իմ կյանքում: Այն ժամանակ, իսկապես, սոցիալական վիճակը ծանր էր: Բայց նույնիսկ այդ տարիներին պրն. Ժ. Ջհանգիրյանը համարձակ քննադատություններ էր անում, հրաշալի մատուցում <Պետության իրավունքի տեսությունը>, մենք էլ հետաքրքրությամբ լսում էինք նրան
- Արա Զոհրաբյանը կարգախոս ունի՞:
- Առաջնորդվում եմ աստվածաշնչյան ոսկի կանոնով. <Վարվի՛ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն>: Դրանով շատ բան է ասված:
- Ընտանիք, աշխատանք: Ինչպե՞ս եք համատեղում:
- Իհարկե փաստաբանական ընտրությունների և արդեն նոր պաշտոնավարման պատճառով չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, բայց կարծում եմ՝ շուտով ավելի կկարգավորեմ աշխատանքային գրաֆիկս ու ամեն ինչ տեղը կընկնի:
- Կուզե՞ք Ձեր տղաները հայրիկի ուղին շարունակեն:
- Ասում են, որ մեծանանք փաստաբան ենք դառնալու: Ընդ որում` երբեմն տանում եմ գրասենյակ, ինչ-որ հանձնարարություն եմ տալիս ու վարձատրում  սինվոլիկ գումարով: Այսինքն` մեծանում են փաստաբանական աշխատանքային մթնոլորտում  և սիրում են այդ գործը: Բոլոր դեպքերում կհպարտանամ, եթե տղաներս շարունակեն իմ ուղին` ընտրեն փաստաբան դառնալու ճանապարհը:
- Ձեր բարեմաղթանքը գլաձորցիներիս:
- Կմաղթեմ, որ լավ սովորեն, որովհետև այն անչափ կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում:

Նոնա ՓԱՅՏՅԱՆ