пятница, 27 апреля 2012 г.


Մնում ենք հայպարելով հայերեն

Եթե երեկ հայ ազգային պարը կործանման եզրին էր կանգնած, ապա այսօր այդ վտանգն արդեն վերացված է: Հայկական երգ ու պարը մի շարք նվիրյալների շնորհիվ քիչ-քիչ ամրացնում է իր ոտքերն ու արդեն ի վիճակի է զուռնայի ձայնի հնչելուն պես ամուր դոփել հողին: Հայկական պարի առավել հզորացման նպատակին է ծառայում նաև մոտ մեկ տարի առաջ ստեղծված <Պարենք հայերեն> նախաձեռնությունը, որի մասնակիցները բացօթյա միջոցառումների և ուսումնական հաստատություններում իրականացվող դասընթացների շնորհիվ տարածում են <Կարնո քոչարին> ու <Ֆնջանը>, <Փափուռին> ու <Աստվածածնա պարը>:  <Պարենք հայերենի> ծավալած գործունեությունը ներկայացնում է նախաձեռնողներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանը:

- Տիգրա՛ն, ե՞րբ և ի՞նչ նպատակով սկսեց իր գործունեությունը <Պարենք հայերեն> նախաձեռնությունը:
- <Պարենք հայերենը> հիմնադրվել է 2011 թվականի հունիսին: Նախաձեռնության անդամները հավաքագրվել են <Կարին> ավանդական երգի-պարի անսամբլի սիրողական խմբակների անդամներից: Նպատակը՝ մեր ավանդական պարերի տարածման միջոցով, հայ ժողովրդին կրկին դրանց կրող դարձնելն է:
- Եվ ինչպե՞ս եք իրականացնում այդ տարածման աշխատանքները

- Կազմակերպում ենք պարային բաց դասընթացներ, որոնց ժամանակ և՛ պարն ենք սովորեցնում, և՛ ծանոթացնում տվյալ պարի կենսագրությանն ու իմաստին: Անցած ամռան ընթացքում կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ ՀԱԹ-ում, եղել ենք  Կողբում, Քարվաճառում, Էջմիածնի Արաքս գյուղում, Հանքավանի <Արագած> ճամբարում: Իսկ այս աշնանից դպրոցներում և մանկատներում ենք դասեր իրականացնում:
- Ի՞նչ պարեր են ներկայացվում, և արդյո՞ք իսկապես կարծում եք, որ նման աշխատանքի արդյունքում հայկական պարերը կվերակենդանանան:
- Հիմնականում ներկայացնում ենք <Կարինի> սիրողական խմբակներում Գագիկ Գինոսյանի սովորեցրած պարերը: Ինչ վերաբերվում է հայկական պարերի վերակենդանանալուն և բեմից կրկին ժողովրդի մեջ մտնելուն, ապա ասեմ, որ մեր պարերն արդեն իսկ կենդանացել են և արդեն իսկ սկսել են մեծ արագությամբ տարածվել ժողովրդի մեջ: Այս` մեր կարծիքով ազգի ավանդույթների ու մշակույթի պահպանմանը մեծապես նպաստող աշխատանքին իր գործունեությամբ նպաստում է նաև <Պարենք հայերեն> նախաձեռնությունը: 
 - Ազգային պարերն այսօր ասես մոռացության մատնված լինեն. ո՞վ և ինչպե՞ս է դրանց շունչ ու հոգի տալիս. որտեղի՞ց եք դրանք <հայթայթում>:
- Եթե մոռացության մասին մի քանի տարի առաջ խոսեիք, գուցե և համաձայնվեի: Բայց այսօր արդեն իսկ չի կարելի ասել, թե մեր պարերը մոռացության են մատնվում: Իհարկե ունեցել ենք բազմաթիվ կորուստներ, բայց արդեն իսկ վերականգնումն ընթացքի մեջ է և մեծ թափով առաջ է գնում: Այս գործընթացին մեծապես նպաստել և նպաստում է Գագիկ Գինոսյանը՝ իր բանահավաքչական գործունեությամբ, ինչպես նաև շատ ու շատ ավանդական խմբերի գործունեությունը, որոնցից են <Կարինը>, <Սասունը>, <Ակունքը> և այլն, ինչպես նաև <Պարենք հայերենը> և նմանատիպ այլ նախաձեռնություններ:
- Կարծում եք ստացվո՞ւմ է ազգային պարերի նկատմամբ սեր արթնացնել ժամանակակից երգ ու պարով ապրող սերնդի մեջ:
- Պատկերացրեք` այո՛, ստացվում է, և այն էլ՝ մեծ հաջողությամբ, ինչը, կարծում եմ, շնորհիվ այն բանի, որ նախ ներկայացվում է մաքուր մշակույթ, երկրորդ՝ մեր բոլորի մեջ էլ վերջ ի վերջո խոսում է գենը, երրորդª մարդկանց տրվում է նաև ներկայացվող պարերի իմաստային բացատրությունը, որը կարծում եմ շատ կարևոր է: Առանց հասկանալու, թե ի՞նչ ես անում և ինչո՞ւ, չես կարող առաջ շարժվել:
- Ինչպե՞ս են ուսումնական հաստատություններում վերաբերվում ձեր առաջարկին այն մասին, որ կարելի է երեխաներին ազգային պար սովորեցնել:
- Սկզբում իհարկե լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, բայց հենց առաջին իսկ միջոցառումից հետո ոգևորվում են, ու հաճախ ասում, որ վերջապես այս աղտոտված միջավայրում մաքուր օդ շնչելու հնարավորություն ստեղծվեց£
- Շարունակական կլինի՞ <Պարենք հայերեն> նախաձեռնության այս ծրագիրը, և արդյոք չե՞ք պատրաստվում բուհական հաստատություններում ևս դասընթացներ կազմակերպել:
- Ծրագիրը բնականաբար շարունակական է: Ինչպես և սկզբնական փուլում, հիմա էլ, եղանակների տաքացման հետ վերսկսելու ենք բացօթյա միջոցառումները: Իսկ մինչ այդ աշխատելու ենք դպրոցներում: Ինչ վերաբերվում է բուհերին` կարծում եմ, երիտասարդները, ի տարբերություն դպրոցահասակների, ավելի շատ հնարավորություն ունեն տարբեր վայրերում անցկացվող միջոցառումների մասնակցելու: Օրինակ` նրանք կարող են մասնակցել <Կարին> համույթի` ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող <Մեր պարերը և մենք> կամ մեր` <Պարենք հայերենի> բացօթյա միջոցառումներին: Կա միայն տեղեկացված լինելու խնդիր: Իսկ ահա ոչ բոլոր դպրոցական երեխաների ծնողները կբերեն իրենց երեխաներին նման միջոցառումների մասնակցելու: Դեռևս որոշել ենք կենտրոնոնալ դպրոցների վրա:
ԼՎ.

Комментариев нет:

Отправить комментарий