Արթուր Շահնազարյան.
<Երգն է ազգային ինքնությունը վերադարձնելու միջոցը>
Հայ
ժողովրդի արարած դարավոր մշակույթը պահպանվում է շնորհիվ նվիրյալ անհատների, ովքեր լուռ արարում ու վերակենդանացնում են անցյալը: Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն էլ այդ անհատներից է: Հայ ժողովրդի դարավոր մշակութային արժեքների պահպանմանն է ուղղված <հնէաբանի>
վերջին մեծածավալ արարումը` <Է արար> գիրքը, ըստ որի` <Աշխարհի հնագույն <գիրքը> Մարդ դարձած մարդն է, հնագոյն խորհրդանիշերն են, մարդու ձեռքով գծուած այն նախշն ու գիծն է, որ արուել է իբրեւ խորհրդանիշ, իբրեւ կարգաւորուած ներդաշնակ աշխարհի նշան, Մարդու Աշխարհի, Մարդկային
յատկութիւնների, Կենաց ծառի նշան, նշան քաղաքակրթութեան արմատի, ներդաշնակութեան կոդի>:
- Պարո՛ն Շահնազարյան, ո՞րն է <Է արարի> առավելությունը մինչ այժմ գոյություն ունեցած նմանատիպ հրատարակումներից և ի՞նչ նպատակի է այն ծառայելու:
- Մինչ օրս գոյություն չուներ մի գիրք, որում ամբողջությամբ ամփոփված լիներ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամբողջ մշակույթը, որի մեջ էր մտնում նաև աշխարհի ընկալման մեր տարբերակը` արտահայտված ծեսերի, երգերի, պարերի, բանահյուսության, խալու նախշի, ճարտարապետության և այլնի մեջ: Հայ մշակույթի հավաքման ու միատեղման գործը սկսել է դեռևս Կոմիտասը` համակարգելով աշխարհի պատկերն ըստ հին աղբյուրների, բայց, հայտնի պատճառով, 1914-ից հետո աշխատանքը կիսատ մնաց: <Է արարը> պատրաստ էր դեռևս 1990 թվականին, բայց տպագրվեց միայն անցյալ տարի, մոտ հազար էջանոց գիրք է, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի ճարտարապետությունը, ծեսերը, երաժշտությունը, բանահյուսությունը, տաղաչափությունը, տոմարը, մարդու մարմնի մասերը, ժայռապատկերները, օրորոցայինները, վերականգնված են մի շարք հեքիաթներ, այդ թվում` <Հազարան հավքը> և այլն:
- Արդյո՞ք բարդ չէր նման մեծածավալ աշխատանքը մենակ իրականացնել:
- Հիմնական աշխատանքն իհարկե ես եմ կատարել, բայց ես ոչնչի չէի հասնի, եթե մինչ այդ չլինեին Կոմիտասի, Երվանդ Լալայանի, Թորոմանյանի, Սրվանձտյանցի, մեր բոլոր ազգագրագետների հավաքած հսկայական նյութերը, որոշ տեղեկություններ էլ վերցրել եմ մատենադարանից: Նույնիսկ դեռևս Թումանյանի ժամանակ այդքան նյութ չկար, հետագայում սկսեցին պեղումներ անել, հրատարակել: Պարզապես հասունացել էր ժամանակը և պետք էր ամբողջ եղած նյութը հավաքել ու տեսակավորել:
- Դուք երկար ժամանակ աշխատում էիք <Սասունցի Դավիթ> դյուցազներգության երաժշտության ստեղծման վրա, ի վերջո ավարտվա՞ծ է այն, ե՞րբ եք ունկնդրի դատին հանձնելու:
- Մեր Էպոսը երբեք ամբողջությամբ չի կարդացվել։ Նախկինում գուսանների խմբերը երգելով, նվագելով ներկայացրել են հատվածներ, ինչի շնորհիվ բերնեբերան պահպանվել է այն: Բայց, երբ Հայաստանի վիճակը ծանրացավ, թուրքական տիրապետության տակ ընկավ, աստիճանաբար այդ գեղեցիկ ավանդությունները վերացան, 19-րդ դարում մնացել էր միայն մի վարպետ, որ հատուկ ոճով, առոգանությամբ, ձեռքերի շարժումներով խաղալով պատմում էր` երգելով այդ երգերը: Նա և՛ Իզմիր խաթունի դերն էր խաղում, և՛ Դեղձուն ճյուղ Ծամի: Հետո տարբեր ասացողներ ի հայտ եկան, որոնցից հավաքած էպոսն արդեն տպագրվեց չորս հատորով: Հավաքվել էին և՛ լուսանկարներ, և՛ ձեռքի նկարներ, նույնիսկ Մարտիրոս Սարյանն է նկարել էպոսից դրվագներ: <Դար> հիմնադրամի պատվերով ես մեր հին եղանակների հիման վրա գրեցի <Սասունցի Դավթի> երաժշտությունը` բաղկացած հարյուր տաս համարից: Սարքեցինք ու էպոսի երաժշտական ձևավորման ժամանակ գործի դրեցինք հին ժողովրդական նվագարաններ, որոնց մասին խոսում են միայն մատենադարանի հին ձեռագրերը` պղնձյա փողեր, գալարափող, ահագնափող, սմբատափող, շեփորափող, 10-դարի Դվինի ջութակ և այլն, գործիքներ, որ վաղուց արդեն գոյություն չունեն: Ձայնագրման աշխատանքը տևեց երկու և կես տարի. հիմա երաժշտությունը պատրաստ է, սակայն անելիքներ դեռ շատ կան£ <Դար> հիմնադրամը նպատակ ունի Ծաղկունք գյուղում սարքել գրական մի անկյուն` դարբինների արհեստանոցներով, կավագործով, հացթուխով և այլն, ուր մտնողը պետք է տեսնի մեր նախկին կենցաղը, պիտի լինի ամֆիթատրոն` 2000-2500 տեղանոց, որտեղ միշտ պետք է բեմադրվի էպոսը: Իսկ ես առաջարկում եմ նկարահանել նաև ֆիլմ ու տարածել ժողովրդի շրջանում: Այսօր էպոսը քչերն են կարդում, իսկ եթե այն նկարահանվի` համեմված երգերով, ապա շատերն այն կնայեն ու շատերի հոգուն կհասնի: Տառերի մեջ չի արտահայտվում էպոսի ոգին, իսկ նկարահանված տարբերակը ավելին կասի, քան գրքում է:
- Մի քիչ խոսենք Ձեր հերթական մտահղացման` <Անտիվիրուս>
ծրագրի մասին: Ի՞նչ է դա, պարո՛ն Շահնազարյան:
- Հայ ժողովուրդը պետք է ի վերջո մաքրվի այսօրվա այլանդակ երգերից, նա պիտի սկսի իր ազգայինը երգել: Եվ առաջին քայլերը կարվեն հենց <Անտիվիրուսի>
շնորհիվ: Կոմիտասի երգերից հինգը տարբեր միջոցներով սովորեցնելու ենք ամբողջ ազգին, ձայնագրվելու և բաժանվելու են ձայնասկավառակներ, տարածելու ենք տարբեր երիտասարդական խմբերի սովորեցնելու միջոցով, երգերը կտեղադրվեն նաև համացանցում: Մի՞թե չենք կարող ամբողջ ազգով գոնե մի քանի երգ երգել ու մաքրվել: Ի դեպ, ձայնասկավառակները, որոնցում նաև կոմիտասյան չորս օրորոցային է լինելու, բաժանվելու է դեղատներում և ծննդատներում:
- Ու կապաքինվե՞նք:
- Թե՛ ճարտարապետությունը, թե՛ երգը, թե՛ պարը, թե՛ գորգագործությունը, թե՛ փիլիսոփայությունը, թե՛ նժդեհյան գաղափարախոսությունը մեր մշակույթի
արտահայտման տարբեր ձևերն են: Միայն թե ամենամատչելին, որ ճիգ ու ջանք չի պահանջում, երգն է: Երգի լեզվով հեշտ է մարդուն տալ իր ազգային ինքնությունը, հայրենապաշտությունը, վերադարձնել ամբողջ մշակույթը: Երգը ձայնային ալիք է, որն անկախ ցանկությունից՝ ականջից ներս սողոսկելով ազդում է ենթագիտակցության վրա: Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու ենք ընտրել հատկապես Կոմիտասի այդ հինգ երգերը: Պատասխանը միանշանակ է` այս երգերը բոլորը գիտեն ու բոլորը կարող են երգել` մեծ, թե մանուկ: Միգուցե փողոցով անցնող երիտասարդին խնդրես Կոմիտասի երգերից որևէ մեկը հիշել` չկարողանա, բայց, բավական է երգել <Հոյ նազան>, <Սոնա յար՚, <Զնգր, զնգր>, <Գնացեք տեսեք` ով է կերել այծը> երգերից մեկը, անպայման հետդ կերգի: Մեր առաջարկած երգերը շնորհիվ իրենց առանձնահատկության մի անգամ լսվելուց հետո այլևս
չեն մոռացվում: Եթե փորձենք գնալ մի գյուղացու տուն ու նժդեհյան գաղափարախոսությունից մի հատված ներկայացնել, որևէ բանաստեղծություն արտասանել և երգել` հավատացեք` այդ մարդն ամենաարագը երգը կընկալի: Մենք գտել ենք բանալին, որով կարելի է ազգային դաստիարակություն, ազգային ոգի սերմանել մարդկանց մեջ:
- Քայլերը դեպի գլոբալիզացվող աշխարհ, դեպի եվրոպական բարքեր, ակամայից հեռացնում են մեզ մեր մշակույթից: Ըստ Ձեզ` ո՞րը կարող է լինել այն ոսկե միջինը, որը ո՛չ մոռացության շղարշով կպատի հայկականը, ոչ էլ հեռու կպահի եվրոպականից:
- Գլոբալիզացիան չի պահանջում մոռացության մատնել մեր ազգայինը: Եթե Եվրոպան որոշակի արժեքներ է ներկայացնում, դեռ ամենևին էլ կարիք չկա անտեսելու մեր` դարերով եկած մշակույթն ու անմիջապես ընդունելու իրենցը: Մի՞թե այսօր ցուցափեղկերին, խանութների ճակատամասերին միայն ճապոներեն գրող Ճապոնիան հետամնաց պետություն է, իսկ մենք` անգլիամետներս` զարգացած: Օտարինը սիրելով՝ առաջադեմ չեն դառնում: Ճապոնացիներն իրենց ծեսերի, միջոցառումների ժամանակ միայն մաքուր ճապոնական երաժշտություն են լսում, տեղի չտալով աշխարհի ճաշակին` թույլ չեն տալիս խառնել ու մոռանալ իրենց ազգայինը: Աշխարհը հարգանքի է արժանացնում միայն ինքն իրեն հարգողին: Վերջին ժամանակներս Հայաստանում էին գտնվում գերմանացի մտավորականներ, որոնք զարմանում էին, թե ինչո՞ւ ենք մենք եվրոպական ոճով վերանորոգում մեր գրասենյակները, զարմացած հարցնում էին, թե ինչո՞ւ պատերին չկան մեր ազգային մշակույթը բնորոշող զարդանախշեր, նկարներ, ինչո՞ւ ենք մեր խոհանոցի փոխարեն օտարինն առաջարկում: Գերմանացին այլևս հրաժարվել է հեռուստացույց նայելուց, նա պարզապես դուրս նետեց այն, երբ զգաց, որ ամերիկյան ֆիլմերն ագրեսիա, սարսափ ու ճղճիմ հոգեբանություն են սերմանում իրենց ազգի մեջ: Այդ առումով մեր երիտասարդությունը փրկվել է. այժմ նա առաջնություն է տալիս համացանցին` ընտրելով իր համար հաճելին ու օգտակարը, ու քիչ-քիչ հրաժարվում է հեռուստացույցից` նրա պարտադրած միակողմանի տեղեկատվությունից` հրաժարվելով սեփական հոգեբանությունը խեղաթյուրող վտանգից:
- Ուրեմն ինչպե՞ս կարելի է հրաժարվել օր օրի ավելի կարծրացող երիտասարդական կարծիքից՝ թե՞ հայկականն այլևս ժամանակակից չէ, օրինակ` մի՞թե հնարավոր է հրաժարվել հարսանեկան արարողությունների մեջ ներմուծված նորամուծություններից ու վերադառնալ հին ծիսականին:
- Չեմ կարծում, թե մեր` հայկական լավ կարված տարազն այսօրվա հարսանեկան սպիտակ զգեստից պակաս է: Մեր հարսանիքը տեռորի ենք ենթարկում: Հարսանիքը կյանքի կարևոր ծեսերից է: Իհարկե այսօր շատ դժվար է հին հարսանիք անել, քանի որ իրականում այն խորհրդավոր ծես էր` երգերով, հատուկ նշանակության պարերով: Հիմա ամենամեծ նշանակությունը տալիս ենք ուտելու գործընթացին, մինչդեռ առաջ ամենահետաքրքիրն ու տևականը հարսին շրջապատելն էր, նրան հագցնելը, երգերը, շորերը, թագվորի ծառ զարդարելը, փեսայի երգը, հաջորդ օրը երիտասարդներին հավաքվելն ու ուրախությունը շարունակելը: Իսկ ի՞նչ է արվում այսօր: Ինչո՞ւ է հաճախ արդեն հագնված հարսը հոր ձեռքը բռնած մտնում եկեղեցի, չէ՞ որ ի տարբերություն եվրոպական ընդունված ավանդույթիª հայ փեսան գնում ու հարսնացուին դուրս է բերում հայրական օջախից: Ավանդույթները միախառնվելով կորցրել են իրենց համն ու հոտը:
- Մենք միայն դժգոհում ենք, որ այլևս ոչինչ չի պահպանվել, բայց չէ՞ որ այնուամենայնիվ դեռևս կան հարսանեկան որոշ տարրեր, օրինակ` արդյո՞ք հայկական չէ սկեսուրի` նորապսակներին մեղր հյուրասիրելը, ուսերին լավաշ փռելը:
- Ես կարող եմ ավելացնել նաև դռան առջև ափսե կոտրելը, եկեղեցի տանելը, քավորը, հարսնաքուրը, խաչեղբայրը և այլն: Բայց խոսքը նման մանրուքների մասին չէ: Այդ ամենը ձևական բնույթ են կրում: Բանն այն է, որ հարսանիքների 90 տոկոսն անցնում է սեղանի շուրջ նստած, բարձր երաժշտության ներքո մարդիկ չեն կարողանում նույնիսկ խոսել ու լսել միմյանց:
- Ուրեմն ինչո՞ւ չեն ստեղծվում կազմակերպություններ, որոնք կարող են ի վերջո վերականգնել մեր հարսանեկան մշակույթի անհետացող էլեմենտներն ու թույլ չտալ, որ դրանք ի սպառ վերանան:
- Նման գաղափար դեռևս վաղուց է ծնվել, սակայն մեծ գործ սկսելու համար բավական գումար է հարկավոր, չէ՞ որ նախ պետք է խումբ ստեղծել, որի անդամները կօգնեն իրականացնել արարողությունը, պետք է համապատասխան հագուստ, երաժշտական գործիքներ ունենալ: Նման գործ որոշ առումով իրականացնում են <Ակունք> ազգագրական անսամբլի աղջիկները, ովքեր հրավիրվելով հարսանիքի` կատարում են մեր ավանդական երգերից, օգնում, որպեսզի մի շարք հին ու գեղեցիկ էլեմենտներ պահպանվեն արարողության ժամանակ: Մենք աշխատանքներ տանում ենք նման մի կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ, բայց թե ինչ ճակատագիր կունենա այն, արդոք մեր իրականությունում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան ամուսնանալ ինչպես հին հայերը` իրական ծեսով, որն իմաստ ուներ,
նշանակություն, դժվար է նախապես գուշակել։
- Ամենքս էլ հասկանում ենք, որ անհապաղ պետք է վերջ դնել հայ ազգի մշակութային եղեռնին, բայց ովքե՞ր են պատասխանատու դրա համար` անհատնե՞րը, թե՞ ի վերջո ամբողջ հասարակությունը պետք է ոտքի ելնի:
- Նժդեհն ասում էր` կան ժամանակներ, երբ երիտասարդները պետք է դաստիարակեն ծնողներին: Այսօր մենք այդ ժամանակն ենք ապրում: Մեր սերունդը դեռևս ստալինյան դարաշրջանի հետևորդն է, որն ապրելով 1937թ.` դաստիարակվել է մատնության, վախի մթնոլորտում: Բայց այսօր գալիս է մի նոր սերունդ, որի չգոյության համար արվել է ամեն ինչ, սակայն այնքան մեծ է եղել նրա կամքի ուժը, որ դիմակայել է ամեն մարտահրավերի, չի վերացել ու չի խելագարվել մթությունից ու ցրտից, հրամցվող երաժշտությունից ու ճարտարապետությունից: Ուրեմն պետք է խոնարհվել այս սերնդի առջև, նա է մեր ապագան կերտողը, նա է պահպանելու մեր ունեցածն ու արարելու նորը:
Էլիզա
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ