Զրույց առանց հանդիպման
<Շատ ենք հեռու էն լավ մարդուց
ու լավ կյանքից>
Ամենայն
հայոց բանաստեղծի հետ հանդիպել թերևս շատերս կուզեինք, ցավոք այլևս հնարավոր չէ։ Իսկ եթե շատ ցանկանանք, միգուցե ստացվի։... Այս անգամ իմ երևակայական հյուրը հենց ինքն է՝ Հովհաննես ԹՈւՄԱՆՅԱՆԸ։
- Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտ՝ նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է առաջնորդվում բանաստեղծը։
- Ներքին բնազդն ու ինտուիցիան են իր ամենաուժեղ առաջնորդները։
- Պարո՛ն Թումանյան, սկսնակների գրվածքների վերաբերյալ կարծիք հայտնելը շնորհակա՞լ գործ եք համարում։
- Այս կամ այն գրքի մասին խոսել ստիպում է այն հանգամանքը, որ լռությունը կխաբե հեղինակին, և նա իր վնասակար աշխատանքը կանի գրականության համար։ Մանավանդ բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը, որոնք, չնչին բացառությամբ, զուրկ են բանաստեղծական բնատուր շնորհքից։
- Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բանաստեղծներին։
- Մի՛ շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում, մի շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։
- Ի՞նչ կասեք մարդկային հարաբերությունների, ավելի կոնկրետ՝ անկեղծության մասին։
- Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափով չի հայտնվել կեղծիքն, ինչպես այսօր։ Մարդիկ խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը, թեև փոքր, բայց, տեսեք որքան դերասաններ ունի...
- Մի առիթով Դուք նշել եք. <Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ>,- ի՞նչ նկատի ունեք...
- Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունն ու մեր պատմական հիշատակարանները։
- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մարդն ըստ Ձեզ ։
- Անշուշտ նա պիտի շարժվի այնպես, ինչպես ինքն է կամենում և խոսի այն, ինչ որ ինքն է մտածում, քանզի շարժումը կամ խոսքը կարող են ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի են։ Նրա խոսքից կամ շարժումից կախված է շատ բան։
- Ձեր կարծիքով մարդը հեռավոր ժամանակներից մինչև այսօր ի՞նչ էվոլյուցիայի է ենթարկվել։
- Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ՝ անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանում է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը՝ տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում է մի դժբախտ դեպք,
որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով։ Դեռ սրանից էլ ավելին։ Տեսնում եք նրա մեջ արմատանում, զարգանում է ալտրուիզմի-այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը։ Եվ սրանից էլ դենը նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որը տանում է դեպի տիեզերական մեծ կյանք։
- Իսկ Ձեր կարծիքով մենք շա՞տ հեռու ենք լավ մարդուց ու լավ կյանքից։
- Այո՛, շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները։
Եվգենյա
ՎԱՐԴԱՆՅԱՆ