четверг, 9 января 2014 г.

Անսահմանություն` ժամանակի և մտքի

<Իր արվեստով Մարինան զարմանալիորեն ընդլայնում է գոբելենի հնարավորությունները և դեկորատիվ-կիրառական արվեստի այդ ճյուղի վերաբերյալ մեր պատկերացումներն ընդհանրապես: Դժվար է երևակայել, որ կարելի է հասնել նման գունագեղության և գեղանկարչության, դրա հետ մեկտեղ իրագործելով քնարական և փիլիսոփայական երևակայության այսպիսի թռիչք: Անկասկած, Մամյանն օժտված է նկարիչ-գոբելենիստի տաղանդով, որի արվեստը հանդիսանում է  կերպարվեստի և պոեզիայի ինքնատիպ համադրություն>: Այսպես է գնահատել գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի մտքի ու ձեռքի տաղանդը արվեստաբան Ռուզան Սարյանը: Եվ, իսկապես, ՙսրտի ու հոգու թելադրանքով ստեղծած նկարներում ամբարած դրական էներգիան ու լույսը՚ յուրահատկություն են հաղորդում նրա արվեստին: Մ. Մամյանը  Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա ունեցել է անհատական ցուցահանդեսներ և մասնակցել բազմաթիվ ցուցադրությունների ոչ միայն մեր, այլև արտերկրում:

- Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք արվեստի այս ճյուղը:
Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետն ավարտելուց հետո սկսեցի ուսումնասիրել գոբելենի տեխնոլոգիան: Երբ տեխնոլոգիան այլևս ոչ մի բարդություն չէր ներկայացնում, ուշադրությունս կենտրոնացրեցի կոմպոզիցիայի, թեմատիկայի վրա և առաջին գոբելենս ներկայացրեցի Նկարիչների միությունում կազմակերպած համամիութենական ցուցահանդեսին: Հետագայում այդ աշխատանքս գնվեց Մշակույթի նախարարության կողմից, ինչն անչափ ոգևորեց, ոգեշնչեց, և վստահ շարունակեցի գոբելենի ստեղծագործական ուղիս: Պետք է ասեմ, որ խորհրդային տարիներին մասնակցում էի գրեթե բոլոր հանրապետական ցուցահանդեսներին, որտեղից էլ Մշակույթի նախարարությունը գնում էր նկարիչների աշխատանքները: Այդ առումով հաջողակ էի, սակայն խորհրդային կայսրության փլուզմամբ վերջացավ ամեն բան ու նկարիչը սկսեց ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Չնայած դժվարին, մութ ու ցուրտ  տարիներին` 1994 թ-ին Մոսկվայում կազմակերպվեց իմ առաջին անհատական` <Արդի գոբելեն> ցուցահանդեսը: Դրան հաջորդեցին նաև բատիկի, գրաֆիկայի ցուցադրությունները: Թող վերամբարձ չհնչի, բայց հետագայում Մոսկվայում կազմակերպվող բոլոր անհատական ցուցահանդեսներս, իսկապես, հրաշալի էին անցնումարվեստի լավագույն ու հայտնի ներկայացուցիչների ներկայությամբ: Ստեղծագործական կապս Մոսկվայի հետ չընդհատվեց նույնիսկ Հայաստան վերադառնալուց հետո: Իսկ արդեն հայրենիքում առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց 2010 թվականին: Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ երկար, բազմաբովանդակ  ստեղծագործական ճանապարհ եմ անցել ու չեմ շեղվել այդ ուղուց, չեմ դավաճանել ինձ. զբաղվում եմ իմ սիրելի գործով, անում եմ այն, ինչ հոգեհարազատ է, այն, ինչ զգում եմ
- Որտե՞ղ եք սիրում ստեղծագործել և ինչո՞վ է պայմանավորված Ձեր արվեստի բազմազանությունը:
- Ցավոք չունեմ արվեստանոց, տանն եմ ստեղծագործում: Եթե ունենայի, կարելի էր լայնամասշտաբ գործեր անել: Հնարավոր է ավելի հաճախ բատիկով և  գրաֆիկայով զբաղվեի: Այն աշխատանքը, որը կապված է ներկերի, թելերի և զանազան նյութերի հետ, իսկապես, արվեստանոցային պայմաններ են պահանջում: Իհարկե բարդ է, բայց խոչընդոտ չէ ստեղծագործողի համար: Եթե մի ստեղծագործական գաղափար ինձ հանգիստ չի տալիս, ես դա անխոս իրագործում եմ: Իսկ արվեստիս բազմազանությունը  հավանաբար  ժամանակի և ներաշխարհի թելադրանքն է
- Այս բազմազանության մեջ ի՞նչն է ավելի շատ գրավում:
- Այն, ինչ հուզում է միտքս տվյալ ժամանակահատվածում: Անգամ տվյալ գույնն իր երանգների ընտրությամբ պայմանավորված է տվյալ ժամանակահատվածի   տրամադրությամբ և հոգեվիճակով:
- Խոսենք վերջին հաջողությունների մասին
- Վերջերս Մադրիդում  կազմակերպված տեքստիլի նկարիչների միջազգային կոնֆերանսին հանդես եկա <Օպտիկական արվեստը գոբելենում> զեկույցով, որն անչափ լավ ընդունվեց մասնակիցների կողմից և անմիջապես տարբեր ցուցահանդեսների ու միջոցառումների հրավերներ ստացա: Այսօրինակ կոնֆերանսները ոչ միայն  ոգեշնչում են արվեստագետներիս, այլև մեր ասպարեզում ճանաչում գտնելու հնարավորություն ընձեռում: Եվ հիմա, ավելի շատ աշխատանքներ եմ անում միջազգային ցուցահանդեսների, մրցույթների  մասնակցելու համար: Այս տարի ստացվեց այնպես, որ Վիլնյուսում 8-րդ մինի արտ տեքստիլի <Մտքերը` դա...> միջազգային բիենալեին արժանացա մրցանակի մտքերի հստակ մարմնավորման համար:
- Եվ ի՞նչ զգացողություն էր:
- Իհարկե հպարտացա նախ և առաջ ընկերներիս հաղթանակով: Սովորաբար նման մրցանակային տեղերը գրավում են Ճապոնիայի, Ֆրանսիայի, մերձբալթյան երկրների նկարիչները և հանկարծ այդ ցուցակում տեղ զբաղեցրեց հայ նկարիչը:
Հաղթանակից հետո տված հարցազրույցներից մեկի ժամանակ ժպտալով ասացի. ՙԻնձ համար մեծ անակնկալ էր, թեպետ մի գուցե և արժանի, բայց անակնկալ՚:
- Հայաստանում գոբելենագործությունը զարգացնելու նախադրյալներ կա՞ն:
- Հրաշալի կլիներ, բայց, ցավոք, այսօր գոբելենագործությունն անկում է ապրում: Ճիշտ կլիներ նաև գորգագործության վերականգնումը, սակայն ինչպե՞ս կարող  ենք խոսել զարգացման հեռանկարներից, եթե Երևանի Գեղարվեստի ակադեմիայում մի ամբողջ ֆակուլտետ են փակում: Նույնիսկ հայ նկարիչները, ովքեր երկար տարիներ զբաղվել են գոբելենով, անցել են արվեստի այլ ճյուղի, որովհետև բարդ աշխատանք է և միևնույն ժամանակ թանկ հաճույք:
- Երիտասարդների մասին ինչ կարծիք ունեք:  
- Անշուշտ կան շնորհալի երիտասարդներ: Մասնավորապես փոքր չափերի քանդակագործության մեջ եմ տեսնում առավել շնորհալիներին: Ընդհանրապես համաշխարհային ժամանակակից արվեստը, այդ թվումª տեքստիլի ոլորտըներկայումս հիմնվում է կոնցեպցիայի, նյութի և տեխնոլոգիայի վրա, իհարկե, չբացառելով էսթետիկական մատուցումը և որակը: Եթե այս կարևոր բաղադրիչներից մեկը բացակայում է, ապա աշխատանքն ուղղակի դառնում է արհեստի գործ:
- Հնարավո՞ր է երիտասարդ տարիքում ստեղծել այն, ինչ կծնվի կյանքի թոհ ու բոհն անցնելուց հետո:
- Շատերն են ասում, որ իմ աշխատանքները միշտ տարբերվում  են: Անգամ նախկինում արված գործերս են արդիական ընկալվում: Սա նշանակում է, որ ավելի երիտասարդ տարիքում էլ էի նույն խորքայնությամբ ստեղծագործում, ուղղակի խորհրդային տարիներին պետության կողմից պատվերներ էին լինում և կարող էի ինձ թույլ տալ մեծ մասշտաբի գոբելեններ անել` հաշվի չառնելով թելերի թանկ լինելը: Հիմա ոճս մի փոքր փոխել եմ, քանի որ խորացել եմ օպտիկական արվեստի մեջ: Այսօր աշխարհում քչերն են այս ոճը կիրառում գոբելենում: Չէ՞ որ օպտիկական արվեստը, մարմնավորված գոբելենում, հիմնված է  նաև մաթեմատիկական հաշվարկի վրա, ինչը հավելյալ ուշադրություն է պահանջում և լարվածություն առաջացնում:
Այնուամենայնիվ, ինձ ուրախացնում է այն փաստը, երբ ակնդրողը ստանում  է դրական լիցքեր, խորասուզվելով իմ ստեղծագործության մեջ` բացահայտում է նոր  հարթություններ, որոնք տանում են  նրան դեպի անսահմանություն` ժամանակի և տարածության:
- Թեև սիրում եք բոլոր գույները, այնուամենայնիվ, Ձեր կյանքի ժապավենն ի±նչ գույնով կներկեք:
- Ծիածանի բոլոր գույներով: Հաճախ կյանքի հորդանքի մեջ չենք նկատում մեր կյանքում գոյություն ունեցող գունավոր հատվածը: Աշխատում եմ այնպես ապրել, որ կյանքիս ամեն մի պահը, գույնը գնահատեմ ու սիրեմ:
- Ի՞նչն է աշխարհում ամենագեղեցիկը:
- Բնության մեջ ամեն ինչն է գեղեցիկ և ներդաշնակ, ուղղակի գեղեցիկը տեսնելու կարողություն է հարկավոր: Ընդհանրապես կյանքը հիասքանչ է  և անկանխատեսելի, դրանով իսկ` հիանալի:
- Ինչպե՞ս կբնութագրեք իսկական կնոջը:
- Երբեք չեմ ընդունել <տղամարդ կին> արտահայտությունը: Պարզապես յուրաքանչյուր պարագայում կինը պետք է մնա կին` իր թույլ և ուժեղ կողմերով հանդերձ: Անչափ կարևոր է նաև, երբ կինը ներդաշնակության մեջ  է գտնվում` ինքն իր հետ: Երբ հասնում ես այդ հոգեվիճակին, շատ հարցերի պատասխաններ դառնում են այնքա¯ն պարզ և ըմբռնելի:
- Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում
- Կարելի է ասել` ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Աշխատանքը խլում է իմ օրվա մեծ մասը: Բայց, այնուամենայնիվ, ժամանակ գտնում եմ հաճախելու  դասական երաժշտության համերգների՝ լավ երաժիշտների կատարմամբԴասական երաժշտությունը, իսկապես, ինձ համար հանդիսանում է մի մեծ շարժիչ ու ոգևորիչ ուժ: Սրանք պարզապես խոսքեր չեն:
- Կարողանո՞ւմ եք մարդկանց առաջին հայացքից ճանաչել:
- Ներքին զգացողություն միշտ եմ ունեցել, սակայն տարիների ընթացքում այն ավելի է խորանում, զարգանում և  ինձ երբեք չի դավաճանում: Պատահում է, որ մարդուն հանդիպում ես, թվում է` հաճելի, բարեկիրթ, սակայն պատնեշ է ստեղծվում, բայց կան  այնպիսի  անձնավորություններ, որոնց հետ շփումը հարստացնում է կյանքդ: Նման բաների հանդեպ  զգայուն եմ դարձել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք արվեստագետներին ու երիտասարդներին:
- Եթե ուզում են կյանքում ինչ-որ բանի հասնել, նախ և առաջ պետք է ունենան նպատակ և երբեք չշեղվեն իրենց ուղուց, լինեն սկզբունքային ու, ամենակարևորը, չդավաճանեն իրենք իրենց, թեև մեր իրականությունում դա շատ դժվար է: Իսկապես պետք է կամքի ուժ ունենաս, սիրես գործդ ու հավատաս, որ անպայման հաջողությունը կժպա քեզ:
Նոնա ՓԱՅՏՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий