вторник, 13 марта 2012 г.

Կյանքը գարնանանում է

 Ձնհալ է մեր հոգիներում, հալչում է ձմռան ընթացքում քարացած պաղությունը: Նայում եմ սենյակիս պատուհանից ու զգում, թե ինչպես տանիքից ընկնող ջրի կաթիլ դարձած ձյան հետ հոգուցս դուրս է հորդում ձմեռային ընդդարմացած նինջը: Աչքս գարուն է ուզում, հոգիս էլ, սիրտս էլ... թռչել եմ ուզում... սիրել եմ ուզում... գարուն եմ ուզում...պատմել... բայց ում, ում պատմել հոգումդ տիրող գարունը, երկունքի հաճույքից պայթող սպասումը, կյանքի բողբոջումը...
Թղթին կպատմեմ, ընթերցողին... Առաջինը կլռի... կհամակերպվի տարօրինակ սովորականին: Վաղուց սովոր է իրեն վստահված խենթությանն ամեն, իսկ ընթերցողը միգուցե հեգնի, միգուցե վեր բարձրացնի ուսերը, միգուցե ժպտա ու նորից կարդա: Իմ ընթերցողն էլ խենթ է գարնան պես` սիրում է սիրել, ապրել գարունով, ձնծաղիկի պես հրել սառույցը, որ կուտակվել է հեգու երեսին, ու իր կապույտով երկրային դառնալ, բողբոջել, փթթալ...       
Գրիչը վազում է թղթի վրայով ու պատմում գարունը թղթին, թե ինչպես հոգին թռչել է ուզում, վազել ու փարվել բնության ձայնին, երգել նրա հետ կարկաչել, կանչել, գարուն նվիրել ջահել սիրողին, թրթիռ պարգևել, հանդիպելու կանչ, մի քնքուշ համբույր:  Դու էլ սիրում ես, գրչիս ընթերցող, դու էլ ապրում ես գարունը հոգուս, ուրեմն բաց թող ամեն պատուհան, թող որ ներս գա շունչը պաղ օդի, որ դեռ կարոտ է գարնան արևին, որ երազում է տաք շողի մասին: Դուրս հանիր մաղձը մեջդ կուտակված, հրաժարվիր ստից ու ստորից, դաժան քենից ու նենգ վրեժից, թույլ տուր նրանց էլ հալչել ձյան նման, հորդալ միջիցդ կաթիլ առ կաթիլ: Գարունով ապրիր: Թող դու ամեն գործ, դուրս արի փողոց, փարվիր բնության ամեն մասնիկին, գարնան բույրը զգա, արևը սիրիր, բարևիր հանդիպող ամեն անցորդին, թող որ մտածեն խենթացել ես դու, ժպտա. խենթերը հաճախ են ժպտում: Հիմա գրում եմ ու ես էլ ժպտում: Ես էլ մի խենթ եմ... Կյանքս գարնանանում է...   





Комментариев нет:

Отправить комментарий