ՄԵԿԴԱՐՅԱ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Հաճախ հոռետես ենք լինում ու մոռանում այն արժանավորների մասին, որ ապրում են մեր կողքին, որ ստեղծագործում են, որ արարում: Իսկ մեր կողքին այդպիսիք հաճախ են ծնվում: Ծնվում են նաև նրանց արժեքավորողներ,
սակայն վերջիններիս էլ տեսնել ու գնահատել է անհրաժեշտ ու նաև հասկանալ: Օրինակ Սևակին՝ մեր լուսավոր գլուխներից մեկին, հասկացան ժամանակակիցները:
Հակառակ դեպքում չէին մեծարի, չէին սիրի, խենթանա, գժվի, արտասվի, հաշվի նստի նրա հետ, չէին... չէին վերացնի այն պայծառ ու լուսավոր գլուխը, այն հոռետես ու միևնույն ժամանակ լավատես միտքն ու ձեռքը, որ ի վիճակի եղավ գրել այն, որ <Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...>,
որ <մայրը գնաց> ու ծիծ չտվեց <Իր Սողոմոնին-մեր Կոմիտասին>: Նա գրեց <Անլռելին>, իսկ մենք լռեցնում ենք շատ ու շատ իրադարձություններ,
որոնց մասին չի կարելի անգամ ցածրաձայն խոսել. պետք է գոռալ, աղաղակել: Պահում ու փայփայում ենք հազար ութ հարյուր վաթսունինը թիվը, քանի որ այդ թվին լույս աշխարհ եկած հայ լույսի երկու ճառագայթների մասին գրեց մի ուրիշ թվականի ծնված Սևակը:
Դժվար է ասել, թե հազար ինը հարյուր ութ թվին <Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին. Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել...>, բայց այդ թվին ևս Մայր Հայասատանի արգանդը կրկին սրբորեն բեղուն էր. ծնվեց մի հայ, որին վիճակված էր ամբողջ կյանքն անցկացնել հեռավոր Ֆրեզնոյում՝ հայրենիքից հեռու, բայց հայրենիքի սիրով: Նա սիրեց իր հայ լինելը, նա սիրեց իր հայերենը, մինչդեռ կարող էր մոռանալ, ինչպես ճակատագրի հեգնանքով օտար ճամփեքին հայտնված մեր հայրենակիցներից
շատ-շատերը: Խոսքն, իհարկե, Վիլյամ Սարոյանի մասին է, ով <Հայերեն չէր գրում, բայց աշխարհին հայի աչքերով էր նայում>: Նա իր պատմվածքներից մեկում գրել է՝ <Չեմ հավատում, թե մեկ ուրիշ լեզու կարող է այդքան մաքուր, մտերմիկ ու վեհապանծ լինել, որքան մեր լեզուն: Հայերենը մի լեզու է, որտեղ կեղծությունը անհնարին է: Իրականում այս լեզուն զարգանում է բացառապես իր ժողովրդին մի ընտանիքում պահելու համար: Եթե լինեին ժամանակակից սրբեր՝ նրանց տառերը հայերեն կլինեին, ու եթե աշխարհն իր համար մի նոր Աստվածաշունչ գրելու լիներ՝ հայերեն կգրեր: Մյուս լեզուները գիտության կամ մշակույթի առաջընթացի համար են, բայց հայերենը ստեղծվել է մարդկային հարաբերությունների
ընդլայնման
ու կատարելագործման,
նաև մարդկային ոգին ազնվացնելու համար>: Նա էլ դսեղցի մանկան պես պիտի դառնա պատանի և՛ երիտասարդ, և՛ այր իմաստուն, նա պիտի 1933 թ. Բոստոնի <Հայրենիք> շաբաթաթերթում
տպագրվի առաջին անգամ՝ Սիրակ Գրիգորյան ստորագրությամբ:
Լայն ճանաչում ձեռք բերի <Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ>
առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Ռ. Բասկոն կգրի. <Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ>: Հետո Սարոյանը կգնա բանակ, կաշխատի զինվորական սցենարների ստեղծման վրա, իսկ պատերազմական ընկալումներն իրենց արտացոլումը կգտնեն մեծ հեղինակի <Մարդկային կատակերգությունում>
ու <Վեսի Ջեկսոնի արկածներում>:
Կգա մի ժամանակ, երբ համաշխարհային գրականությունը կուլ տված Սարոյանը կսկսի հուշագրական ժանրի գործեր՝ մեկը մեկից ուշագրավ, մեկը մեկից արժեքավոր: Չի մոռանա ոչ Չապլինին, ոչ Շոուին, ոչ Էլիոտին, ոչ էլ իր հայրենակցին՝ Չարենցին: Հետո մի օր՝ 1981թ. մայիսի 16-ին, նույն Ֆրեզնոյում, երբ Վիլյամ
Սարոյանը <կհոգնի, կգազազի աշխարհից> ու կզգա, որ անցել է իր <Կյանքի ժամանակը>, երբ կզգա, որ տեսել է ամեն ինչ, այդ թվում նույնիսկ <Կոտորածն մանկանց> և ամեն տեսակ <Մարդկային կատակերգություններ>,
կմոտենա <Քարանձավի մարդկանց> ու մեկ անգամ էլ կկանչի՝ <Հե՜յ, ո՞վ կա այդտեղ> ու պատասխան չստանալով՝ կառնի իր սիրտն ու կգնա լեռները: Իսկ ուրիշ էլ ուր կարող են լինել ավելի վեհ ու ավելի սարոյանական լեռներ, եթե ոչ հայրենիքում, եթե ոչ Հայաստանում: Սարոյանի աճյունի մի մասն ամփոփվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Այդ նույն թվին, ինչպես նշեցինք, արգանդը Մայր Հայստանի իրոք բեղուն էր. Սարոյանի ծննդավայրից շատ հեռու՝ Թիֆլիսում, մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ: Դասական հունարենից <Իլիականի> ու <Ոդիսականի> արևելահայ աշխարհաբարի վերածած բանասեր, բանաստեղծ Ասատուր Համբարձումյանի ընտանիքում ծնվեց Վիկտորը: Նա 14 տարեկանում ընդունվեց Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական
բաժինը և մեկ տարի անց տեղափոխվեց Լենինգրադի պետական համալսարան: Միայն խենթը կարող էր գերազանցությամբ
ավարտել բուհը, բայց վկայական ստանալ միայն հիսուն տարի անց. այն պատճառով,
որ հայրն ասել էր, թե սովորում են գիտելիք ստանալու համար և ոչ դիպլոմ վաստակելու: Ավարտական վկայականի վրա գրված էր՝ <Ավարտել է 1928թ., բայց հանձնվել է 1978թ.>: Տակավին երիտասարդ՝ Վիկտորը տպագրեց իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին: Բանասեր հոր որդուն երկնքի գաղտնիքները կլանեցին: Եվ դրա շնորհիվ միայն ստեղծվեց Բյուրականի աստղադիտարանը, բազում նվաճումներ գրանցվեց հայ գիտության բնագավառում: Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ աստղագիտության մի նոր ճյուղ ձևավորվեց՝ աստղաֆիզիկան, ու նա իրավամբ դարձավ տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրը Խորհրդային Միությունում: Համբարձումյանի կատարած հետազոտությունների
արդյունքում
էր, որ մեր գալարկտիկայի տարիքը գնահատվեց 1010 տարի՝ երեք կարգով փոքր մինչ այդ գոյություն ունեցող գնահատականից:
Մարտիրոս Սարյանը գիտնականին դասեց այնպիսի մեծերի շարքին, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինն ու Գրիգոր Նարեկացին՝ ասելով, թե ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին:
Այսքանից հետո արդարացի՞ է բոլորիս մահկանացու լինելը: 1996թ.-ի օգոստոսի 12-ին... Վիկտոր Համբարձումյանը <Թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա, թե՞ ինքը դարձավ Լուսաստղ մի նոր>:
<Երևի այդօր - եթե ոչ մարդկանց, Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար - տոն էր անսովոր. չէ որ նա գիտեր, թե ում է ծնել>: <Դեռ ոչինչ չասող ևս մեկ ճիչ> ու այս անգամ Բուխարեստում. ծնվեց Լևոն-Կարապետ Պալճյանը: Բնությունը երևի փոխհատուցում էր հայ ժողովրդին կրած ու հազար ինը հարյուր ութ թվականից հետո դեռ կրելիք տանջանք-տառապանքների համար, հակառակ դեպքում Լևոն-Կարապետի առաքելությունն աթեիզմի թագավորութան տարիներին երկրի վրա չէր լինի հոգևորը, քրիստոնեությունը,
առաքելականությունը
տարածելը:
1955թ.: Էջմիածին: Ազգային-եկեղեցական ժողով: Եվ հայ ժողովրդի հավատը կրկին փրկված է, քանի Վազգեն Ա անունով օծված Ամենայն հայոց կաթողիկոսը մոտ չորս տասնամյակ իր սուրբ աջը հովանու պես պահելու է հայ ժողովրդի գլխին՝ մոռանալով իր անձի, իր կարիքների, իր ցանկությունների
մասին: Անաստվածության տարիներին կարողանալ բաց անել հազարամյա վանքերի ու եկեղեցիների դռները, հայի զավակներին ներս տանել ու մոմալույսի ներքո աղոթել տալով՝ մոտեցնել նրանց Աստծուն, ոչ բոլորին, ո՛չ, միայն ընտրյալներին է վիճակված: Միայն վեհափառի շնորհիվ հայը կարողացավ հասկանալ հայ լինելու, հայկականության կարևորությունը,
որ ամփոփված է հայոց եկեղեցու խնկաբույր ավանդույթի մեջ: <Ազգային հերոս> բարձրագույն կոչմանն այսօր արդեն շատերն են արժանացել, բայց ունենալ իսկական հերոս, այն էլ քահանայապետ, վիճակված էր մեր ազգին: Վեհափառն առաջինն էր, որ իր ուսերին փառքով կրեց մեծ հայրենասիրության
և իր ժողովրդի նկատմամբ ունեցած անմնացորդ սիրո պատասխանը: Դրա ցավալի, բայց և լավագույն ապացույցն էին նորանկախ Հայաստանի Հանրապետության
1990-ական
թվականները,
երբ Վեհափառը, հրաժարվելով իրեն ընձեռնված հնարավորություններից,
իր Վեհարանում ապրում էր իր ժողովրդի պես՝ դիմանալով թե՛ մթին և թե՛ ցրտին, ապրում էր՝ ամեն կերպ ջանալով հաց ու ջուր հասցնել առավել կարիքավորներին,
իսկ հաճախ հաց ու ջրից առավել էին լինում նրա մխիթարական խոսքերը, նրա կոչերն այն մասին, թե <Ահավասիկ մխիթարության կարիք մենք հիմա ունենք, ընդհանրապես, բայց պետք է հիշենք այս պահուն ոչ միայն սեղանի յոթ տեսակ կերակուր չունեցողներին, այլ պետք է հիշենք նաև այն քաջամարտիկներին,
ֆիդայիներին,
որոնք զենքն ուսին հենց այս պահուն պաշտպանում են չքնաղ երկիրը մեր Արցախի>: Ապրում էր սևասքեմ
վանահայրը՝
սրտի տակ կրելով ազգի փրկության պապակը, նրան ստեղծված իրավիճակից րոպե առաջ հանելու երազանքը ու <թե զարնեին սրտին դանակ՝ մի պուտ արյուն դուրս չէր հոսի>:
Ամեն անգամ, երբ Հայաստան
է եկել Վիլյամ Սարոյանը, պարտադիր հանդիպել է իր հասակակից-ժամանակակիցներին:
Թեև նրանց տարիքային տարբերությունն ընդամենը երեք շաբաթ էր, նրանց <մանչերս> է անվանել, ու այդ խոսքից թե՛ ինքն է ուրախացել, թե՛ Համբարձումյանն ու Վեհափառը: Այս <Երրորդությանը> հիշում ենք, բայց գնահատո՞ւմ այնքան ու այնպես, որ տարիներ, նաև դարեր հետո մեր իսկ <մանչերը> գոնե պատմության դասագրքերում կարդան թեև ոչ սևակյան, բայց անլռելիի մասին:
Էլիզա
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий