пятница, 23 марта 2012 г.

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.

<Գաղթող ժողովուրդն ավելի է տուժում,
քան պատերազմողը>

Սամվել Կարապետյանը ծնվել է Երևանում, արմատներով Վանի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է: 1990-1998թթ. համագործակցել է <Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող> հասարակական կազմակերպության հետ` համադրելով ներկայիս ՀՀ սահմաններից դուրս` Պատմական Հայաստանի տարածքում հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ դեռևս 1978թ.-ից ծավալվող  աշխատանքներին: 1998թ.-ից այդ կազմակերպության նախագահն է:
2002թ. Սամվել Կարապետյանն արժանացել է ԼՂՀ կառավարության շնորհած <Մեսրոպ Մաշտոց> շքանշանին, 2004-ին <Հյուսիսային Արցախ> աշխատությունն արժանացել է ԼՂՀ պետականª <Եղիշեի> անվան գրական մրցանակին, 2007-ին` <Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն>, <Հայերը Կախեթում> և <Ջավախք> աշխատություններն արժանացել են ՀՀ Նախագահի մրցանակին: 2008թ. <Պատմական Հայաստանի տարածքում կատարած ծավալուն ուսումնասիրությունների և հայ ինքնության պահպանության գործում ունեցած բացառիկ ծառայության համար> պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով և <Պատմական հուշարձանների հնավայրերի ուսումնասիրման և վերականգնման գործում ունեցած զգալի ավանդի համար> ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով:
- Պարո°ն Կարապետյան, այս օրերին հայկական ի±նչ արժեքների վրա է կենտրոնացած Ձեր և <Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող> կազմակերպության ուշադրությունը:
- Այժմ զուգահեռաբար աշխատում ենք 110-ից ավելի նախագծերի վրա: Ամեն տարի սևեռվում ենք դրանցից 4-5-ի վրա ու տարեվերջին 2-3-ը ավարտին հասցնելովª հրատարակում ենք որպես գիրք: Ուսումասիրությունները, որոնք քաղաքական իմաստով որոշ առաքելություն ունեն, օրինակ` Արցախին վերաբերողները, աշատում ենք ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով տպագրել: Արդեն տասներկու աշխատություն լույս է տեսել, վերջինը <Արցախի կամուրջները> գիրքն էր, այժմ աշխատում ենք տասներեքերորդի վրա: Երբ մեր աշխատանքներն ամբողջանան, հուշագրական լուրջ ժառանգություն կունենանք: Հավաքել, իմի ենք բերել եղեռնը վերապրած տասնչորս հուշագիրների ձեռագրեր ու այժմ պատրաստում ենք հրատարակության:
- Կարելի է ենթադրել, որ արտահերթ ծրագրեր ևս պատահում են:
- Մենք ուղղակի պարտավոր ենք անդրադառնալ, ինչպես Դուք նշեցիք, արտահերթ ծրագրերին, քանի որ չուսումնասիրելով, ծանոթ չլինելով մեր ու մեր հարևանների պատմությանըª հնարավորություն ենք տալիս շահարկել արժեքները: Օրինակª վերջին ժամանակներս ադրբեջանցիներիª Աղդամ քաղաքի կայքում տեղադրած գերեզմանի լուսանկարի արձանագրության համաձայնª ամենահին շիրիմը 1950թ.-ի է, մինչդեռ տեքստում նշված էր, որ ավելի քան  200 տարվա գերեզման է: Նման ուսումնասիրություններին լուրջ ուշադրություն ենք դարձնում, քանի որ դրանք կարող են քաղաքական նշանակություն ունենալ: Օրինակ` որոշեցինք անդրադառնալ Արցախի մահմեդական գյուղերի պատմությանը£ Դրանց գերեզմաններն ուսումնասիրելով` փորձում ենք տեղեկություններ քաղել առաջին հուղարկավորությունների մասին: Շատ գյուղերում շիրիմներ հանդիպում են սկսած միայն 1820-ական թվականներից, որոշներում` 1920-ականներից:
Եթե ազգային փոքրամասնություններն ապրում են մեր երկրում, եթե քար են դրել քարի վրա, որոշակի հետք են թողել, ուրեմն պարտավոր ենք իմանալ նրանց պատմությունը: Շատ կարևոր են նաև մահմեդական միջնադարյան հուշարձանները, քանի որ դրանք չեն պատկանում կովկասյան թաթարին, այսինքնª դրանց ժառանգորդն այսօրվա ադրբեջանցին չէ: Երբ ուսումնասիրում ենք ու ամեն արժեք իր տիրոջն ենք վերադարձնում` կլինի պարսիկներին, թուրքմեններին, տեսնում ենք, որ ադրբեջանցիներին գրեթե ոչինչ չի մնում, նրանց միակ ժառանգությունը վերջին տասնամյակների գերեզմաններն են, որոնք ո°չ պատմական, ո°չ գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, զուտ բետոնից պատրաստված շիրիմներ են: Մեր նպատակն է` աշխարհին ցույց տալ, որ ադրբեջանցի ժողովուրդը դեռ նորածին է, մեկ դարն անգամ չի բոլորել: Աշխարհը, բայց առաջին հերթին մենք պետք է իմանանք, թե ինչպես է կովկասյան թաթարն եկել ու բնակություն հաստատել հայկական հողում: Շատ քաղաքական գործիչներ ոչ հայրենաճանաչության պատճառով հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս: Քաղաքական գործիչը հայտարարում է, թե հնարավոր է փոխզիջման ժամանակ ադրբեջանական տարածքները վերադարձնենք: Քսան տարի առաջ հայաթափված Գետաշենի պես 50-100 տարի առաջ հայաթափվածներն էլ շարունակում են հայկական մնալ: Մի±թե կարելի է 180 տարի առաջ հայերից զրկված Աղդամը ոչ հայկական համարել, նույնիսկ այն դեպքում, երբ նրանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվեց Տիգրանակերտ քաղաքը:
- Կատարվող աշխատանքը, ինչ խոսք, հայրենանվեր է: Սակայն արդյո±ք այն ծառայում է իր նպատակին: Ինչպե±ս են տարածվում ուսումնասիրությունների արդյունքները լուսաբանող հրատարակությունները:
- Հնարավոր ամեն միջոց օգտագործում ենք, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն իրենք իրենց մասին: Մեր գրքերիª Ախլցխային ու Ջավախքին անդրադարձող հատորները, որ վերաբերվում են հատկապես չհայալքված բնակավայրերին, բաժանվել են բնակիչներինª ըստ հասցեների: Ամեն գրքից հարյուր օրինակ ուղարկել ենք հայր Բաբկենի և իմ ընկերներից մեկի միջոցով, ով գյուղ առ գյուղ շրջելովª բնակիչներին, դպրոցներին ու գյուղապետարաններին բաժանեց դրանք: Վրացիները բոլոր քարոզչական միջոցներն օգտագործում են` հայերին հիշեցնելու, որ վերջիններս հյուր են իրենց տարածքներում, ուրեմն հյուրի պես էլ պետք է իրենց դրսևորեն: Կարևոր է իմանալ, որ տեղի ունեցածը ներքին գաղթ էր մեր փոքրիկ հայրենիքի մեջ: Իսկ բոլոր գաղթերը կործանարար են, ու դրանց հեղինակը մեր հոգևորականներն են, նրանք սեփական հոտն արմատախիլ անելու շատ վատ ավանդույթ ունեն: Դարեր շարունակ տեղի ունեցած հայրենալքությունը, սկսած Պետրոս կաթողիկոսից, որ մեկ միլիոն վասպուրականցիների արմատախիլ արեց, վերջացրած տասնիներորդ դարի վերջին գաղթերով, հանգեցրեց այն բանին, որ ամեն հայ անհատ արդեն առանց հեգևորականի օգնության կրում է գաղթելու մշակույթը: Արմատը չզգալու պատճառով մենք շատ ենք տուժել:
- Արդյո±ք շատ դեպքերում հայն իր տեսակը հենց գաղթի շնորհիվ չի պահպանել:
- Գաղթող ժողովուրդն ավելի է տուժում, քան պատերազմողը: Ասվածի ցցուն օրինակ է տասնութ թվականը, երբ թուրքական բանակը ներխուժեց հայկական տարածք, Ախլցխան որոշեց դիմադրել ու հաշվելի զոհեր ունեցավ, իսկ ահա Ջավախքի տարածքից մարդիկ փախան ու պատսպարվեցին անտառներում, ետ վերադառնալովª քառասուն հազար մարդուց տաս հազարը հասավ Ջավախք ու չդիմացավ, մահացավ: Մեծ գաղթերին մեզ վարժեցրին մեր հոգևորականները, քանի որ իրենց կրած գաղափարները ոչ թե հանուն հայրենիքի են, այլ հանուն հավատի: Դա է պատճառը, որ մեր եկեղեցին սփռված է մոլորակով մեկ:
- Հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է գաղթել երկրից, հիմա± Էլ եք հոգևորականությանը մեղքի նման բաժին հատկացնում:
- Մեր ժողովուրդը խոտանացել է, քանի որ նա չի ապրում հանուն հայրենիքի: Իսկ  այդպիսի ազգերը դատապարտված են: Հոգևորականներն այնքան անպատկառ են, որ առանց ամաչելու ամեն անգամ նշում ենª եթե իրենք չլինեին, այսօր թատերաբեմում հայ ժողովուրդ գոյություն չէր ունենա: Համիդյան ջարդերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ատամ չունի, նա անպաշտպան մատաղացու ոչխար է, այն դեպքում, երբ յուրաքանչյուր հայկական գյուղ ուներ իր հոգևորականն ու եկեղեցին: Մեր ժողովրդի անճարության ու խեղճության համար հատկապես հոգևորականությանն եմ մեղադրում, քանի որ նրանք էին ղեկավարում մարդկանց, մեր դպրոցն անգամ եկեղեցական էր: Ի±նչ էին դասավանդում դպրոցներում: Հաճախ միայն կրոն: Մինչդեռ մեզ այլ դասեր էր պետք քաղել: Համիդյան ջարդերից մազապուրծ մի մարաշցի կին իր հուշերում գրում է. <Տեղահանության ժամանակ մեր խումբը` մոտ 1500 մարդ` մարաշցիներ ու զեյթունցիներ, ուղեկցում էին երեք թուրք զինվորներ>: Ուրեմն որքան անպաշտպան մարդիկ են եղել, որ չեն կարողացել դիմադրել երեք թուրք զինվորի: Առաջին օրը, երբ աբյուրի են հանդիպել, նրանց թույլ չեն տվել ջուր խմել: Միայն օրեր անց, որ արդեն զոհեր կային, թուրքերը ցույց են տալիս ուղտերի, ջորիների ոտքերի տակ առաջացած ցեխաջուրն ու թույլ տալիս խմել: Հուշագիրը նշում է, որ գաղթի ճանապարհին մահացել են եղբայրը, հայրը, պապը, մինչդեռ մենք շարունակ կրկնում ենք, որ տղամարդիկ պատերազմի դաշտում էին, ու գաղթի ճանապարհին էին միայն անօգնական կանայք, երեխաներն ու ծերերը:
- Սովորաբար եղեռնի մասին սկսում ենք առավել շատ խոսել, երբ մոտենում է ապիլի 24-ը, իսկ ե±րբ ենք առավել շատ հետաքրքրվում մշակութային եղեռնով:
- Հայ մարդու կեցվածքն ամբողջ տարվա ընթացքում գրեթե չի առնչվում եղեռնի երևույթի հետ, նրա վարքից ամենևին չես ենթադրի, որ ինքը ցեղասպանության ժառանգորդն է: Ապրիլի 24-ի օրը ես պարտք եմ համարում, որը սեփական ուսերին ենք կուտակել մեր պապերի սխալներով ապրած կյանքի պատճառով, նրանք նահատակվեցին ոչ ազգային արժեքներին հետևելու պատճառով: Քանի դեռ հայերիս մտածողությունը չի փոխվել, մեր երթը դեպի Ծիծեռնակաբերդ ցուցադրական բնույթ է կրելու: Ապրիլի 24-ին մեկ միլիոն մարդն այնքան հարգալից վերաբերմունք պետք է ցուցաբերի, որ այդ օրը երեկոյան աղբի նշույլ չլինի հուշահամալիրի ճանապարհին:  Երբ կարողանանք շտկումներ կատարել մեր մտածողության մեջ, այդժամ հարգանքով կմոտենանք ինչպես ցեղասպանության երևույթին, այնպես էլ մշակութային կոթողներին, չենք վնասի ու ակնածանքով կվերաբերվենք մեր ունեցած արժեքներին£
- Պարո°ն Կարապետյան, վերադառնանք մեր օրեր: Դուք ևս այն մտավորականների թվին եք պատկանում, ովքեր դեմ են ՙՄոսկվա՚ կինոթատրոնի տեղում Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցմանը:
- Հայ հոգևորականները կարծում են, որ աղանդները շատացել և մարդորսությամբ են զբաղվում մեր ազգային եկեղեցու թուլանալու և նահանջելու պատճառով ու դրա դեմ պետք է եկեղեցի կառուցելով պայքարել: Մենք մոլորված զանգված ունենք, որին շատ հեշտ է կառավարել: Ես մի բանում եմ համոզված` սնկերն առողջ, դալար ծառերի վրա չեն աճում, իսկ մեր մարմնի վրա սնկի պես ավելանում են աղանդները: Նշանակում է` կառույցը, որ իր հոտին պետք է շուրջը պահի, ուժ չունի:  Խնդիրը գաղափարի մեջ է և ոչ թե շենքի: Աղանդներից յուրաքանչյուրն ունի գաղափար, որով մարդկանց իր կողմն է քաշում, իսկ  մենք գաղափարի դեմ  պայքարելու համար շենք ենք կառուցում: Պատմությունը փաստել է, որ ուզած գաղափարի կրողը, անկախ իր կամքից, գերմարդ է դառնում: Ասվածի լավագույն օրինակն են Նժդեհի զինվորները, որոնք մի քանի հարյուր հոգով` անկախ հոգևոր ու կուսակցական պատկանելությունից, հանուն հայրենիքի գաղափարի զենքը ձեռքներն առած պայքարեցին վերջինիս բարօրության համար, նրանք կարողացան երկու պետության բանակ  ջարդել: Մեր ժողովուրդն ապագա կունենա, եթե կրկին ծնունդ առնի, վերադառնա ու հավատարիմ լինի ազգային արժեքներին: Երբ խոսում ես իրական արժեքների մասին, մարդն սկսում է ընկալել քեզ, եթե նույնիսկ նրան ամբողջովին կլանել են հոգևոր ու կուսակցական գաղափարները:
Է. Հ.

Комментариев нет:

Отправить комментарий